Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով` ասում է.
— Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
— Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը:
— Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
— Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:
Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:
Աղբյուրը` lurer.com
Մե՜ծ հաջողություն։ Չորս ամիս փնտռելեն վերջ, դատարանը գտավ վերջապես երեք բժիշկ, որք քննելով Եղիշե Չարենցին` խելագար գտան։ Չորս ամիս ամբողջ, ուրեմն, թշվառ բանաստեղծը համապատասխան բժիշկներ չգտնելուն համար, ստիպված էր խելոք մնալ…
Դատարանը վերոհիշյալ բժիշկներու քննության վրա, բեկանեց Չարենցին երեքամյա բերդարգելության վճիռը ու որոշեց երեք տարվա պարտադիր բժշկություն` Ռուսաստանի հանգստի տներեն միույն մեջ։
«Պարտադիր բժշկություն» թերմինը նորություն մը ըլլալով, բերնեբերան զանազան մեկնաբանություններ կստանա։ Շատերը այն կարծիքի են, թե «պարտադիր հիվանդություններուն» միայն կարելի է «պարտադիր բժշկություն» առաջարկել, վասնզի, կըսեն, դատարանի կամքեն անկախ սկսված հիվանդություն մը, իր կամքեն անկախ ալ, ուզած րոպեին կրնա առողջանալ։
Այսպես` ի՞նչ պիտի ընե դատարանը, պիտի պատժե՞, եթե Չարենցը անսաստելով իր որոշումը մեկ տարիեն ապաքինվե։
Իրավցնե, քիչ մը տարօրինակ է սուր ու սվիններով դատարան տանել մեկը ու վերջեն «պարտադիր բժշկություն» վճռել։ Ասիկա շատ նման է այն կատակին, զոր երբեմն ես կընեմ պզտիկիս հետ։
Հանկարծ, որպես թե սաստիկ բարկացած եմ, հոնքերս կիտած սոսկալի, աչքերս չռած զարհուրելի, ճակատս կնճռոտած անտանելի, մազերս խառնած, պիշ-պիշ նայելեն վերջ` «ես քո հոգուն մատաղ» կըսեմ ու կգրկեմ պզտիկիս…
* Այսօր Չարենցին տեսեր են ազատ, փողոցին մեջ պտտելու ժամանակ։ Երևի դատարանը երրորդ վճիռովը մը երեք տարվա պարտադիր ազատության է դատապարտեր Չարենցը…
Կոմունիստ բանաստեղծ Եղիշե Չարենցը, որ ասկե չորս ամիս առաջ օրիորդ Այվազյանին վրա մահափորձ կատարելուն համար երեք տարվա բանտարկության էր դատապարտվեր, բանտեն ազատվելու համար կուզե խելագար ձևանալ ու չի հաջողեր։ Սա շաբաթ մըն է քուն չունի. աջ կհայհոյե, ձախ կթքնե, արևելք կքանդե, արևմուտք կպղծե, անցուդարձողներուն ձևերը կկապկե, ուրիշի խոսքերը կկրկնե, ու առհասարակ ինքզինքը սաստիկ հիմար ցույց տալ կուզե։ Այս բոլորով մեկտեղ, Երևանի հոգեկան հիվանդանոցի գլխավոր բժիշկը չուզեր Չարենցին խելագարի վկայական տա` պատճառը հարցնողներուն հետևյալ պատասխանը տալով.
– Հայհոյելը, սրբություններու վրա թքնելը, պղծելը, քանդելը, կապկելը ու հիմարանալը խելագարության նշան չի կրնար սեպվիլ կոմունիստի մը համար, այլ նորմալ վիճակ և կուսակցական բարբառով «ակտիվություն» կկոչվե։ Կոմկուսակցությունը,– կավելցունե բժիշկը,– որ այսօր ամեն արտոնություն կվայելե, զրկված է դժբախտաբար խելագարվելու տեխնիքական հարմարություններե։
Ուրախալի բան։
Կնշանակե այս պետության օրոք «անկուսակցականները» ունին «հարմարություն» մը, որ կոմունիստները չունին` թող ըլլա խելագարություն։
Հարց։
Ինչո՞ւ «անկուսակցականները» չեն փորձեր օգտվել իրենց տրված սա «հարմարութենեն», ինչո՞ւ չեն խելագարվեր։ Ներկա բռնությունեն ավելի՞ն կսպասեն…
Աղբյուրը` Լեռ Կամսար «Մահապուրծ օրագիր» 1926թ.